Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ինտեգրվելու, լիարժեք կյանքով ապրելու գործում կարևոր նշանակություն ունի նաև ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու, շփվելու, կրթություն ստանալու հնարավորությունը, ինչին նպաստում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:
Դպրոցն ավարտած, ինչպես նաև ուշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար տպագրվում են հատուկ տառատեսակներով գրքեր, տետրեր, ձայնագրվում են “խոսող գրքեր”, տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձինք ուսուցում են անցնում “Արև” համակարգով աշխատելու նպատակով, ապահովվում են համակարգչային տեխնիկայով և այլ օժանդակ սարքերով: Այս ծրագրերն իրականացնելու նպատակով ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան 17 մլն.դրամ:
2006 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով “Հայաստանի Կույրերի Միավորում” հասարակական կազմակերպության հետ, բրայլյան տառատեսակներով տպագրվող գրքերը, տետրերը, ամսագրերը, ձայնագրված “Խոսող գրքերը”, միավորման “Բյուլետենն” անվճար տրամադրում է Հայաստանի Ազգային գրադարանին, ՀԿՄ “Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն” ՍՊԸ-ին, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին, ՀԿՄ ՍՊԸ-ների ակումբներին և գրադարաններին:
“Խոսող” գրքերում հիմնականում տպագրվում են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները, բրայլյան տառատեսակներով` գեղարվեստական գրքեր, նաև օրենքների ժողովածուներ, խոհարարական գրքեր և այլն:
2008 թվականից սկսած տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների համար իրականացվում է նաև “Արև” համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման ծրագիրը: Յուրաքանչյուր տարի ծրագրում ընդգրկված հաշմանդամների համար կազմակերպվում են “Արև” համակարգի ուսուցման դասընթացներ, տրամադրվում հատուկ ծրագրավորված, հարմարեցված համակարգիչներ, ինչպես նաև համակարգչային տեխնիկա: Այս տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող 80 անձ հնարավորություն է ստացել ոչ միայն աշխատել համակարգիչներով, այլև օգտվել համացանցի ընձեռած հնարավորություններից, ինչը` համաձայնեք, անչափ կարևոր է հենց շփման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար:
ՀՀ ազգային գրադարանում գործում է “Արև” ընթերցասրահը: Ընթերցասրահում կա հատուկ ծրագրավորված երկու համակարգիչ, բրայլյան տառատեսակներով տպագրված 247 միավոր գրականություն, որն, ինչպես նշեցինք վերևում, պարբերաբար համալրվում է: Ընթերցավար Կարինե Հովիկյանը նշում է, որ սրահի հնարավորություններից օգտվողների թիվը մեծ չէ` հիմնականում ոչ բավարար իրազեկվածության պատճառով, ուստի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է նաև գործընկեր լրատվամիջոցներին` գործող ծրագրերի մասին հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնել տեսողության խնդիր ունեցող մեր քաղաքացիներին:
Նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկել նաև նոր առաջարկություններ` ուղղված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: