Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է «Edu2work» հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը

0
74

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է «Edu2work» հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը։

Հարթակը, որը նպատակ ունի հավաքագրել ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծել աշխատանքի առցանց հայտարարությունները, փաստերի վրա հիմնված քաղաքականությամբ կմիավորի կրթությունն ու աշխատանքն, ինչպես նաև քաղաքացիներին կաջակցի առավել պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելու համար։

Բացման խոսքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը, որը բխում է «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունից: Այդ համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ «Edu2work» առցանց հարթակը վճռորոշ դեր կունենա աշխատաշուկայում աշխատանքի պահանջարկի և առաջարկի անհամապատասխանության վերացման հացում․

«Հարթակը փաստացի մեկ տանիքի ներքո է համախմբում կրթությունից մինչև աշխատանք բոլոր շահառուներին: Յուրաքանչյուրն, ով ընտրում է իր ապագա մասնագիտությունն, այս հարթակի միջոցով կարող է հասկանալ, թե որ մասնագիտություններն են պահանջված լինելու 5-10 տարի հետո, և դրա հիման վրա որոշում կայացնել: Կրթական հաստատություններն էլ կարող են փոփոխել իրենց ծրագրերը կամ ներմուծել նոր և առավել պահանջված մասնագիտությունների գծով ուսուցում: Էլեկտրոնային այս շտեմարանի հաջորդ շահառուն քաղաքականություն մշակողներն են: Նրանք իրական տվյալների շնորհիվ ձեռք են բերում թիրախային որոշումներ կայացնելու, ինչպես նաև ոլորտի կառավարումը հնարավորինս արդյունավետ իրականացնելու հնարավորություն»,- նշել է նախարարը։

Ներկայացնելով հարթակի գործառույթներն ու հիմնական ուղղվածությունը՝ մյուս բանախոսները ևս վստահություն են հայտնել, որ ծրագիրը կօգնի հասկանալ աշխատաշուկայի միտումները, կուղղորդի անձի հմտություններին համապատասխանող առկա թափուր հաստիքների հարցում, կուսումնասիրի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն ու արդյունավետորեն կգնահատի կրթական ծրագրերի արդիականությունը։