Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:
Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները.
- ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, կարող են օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու արտոնություններից (Կառավարության 2004 թ․ մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշում, հավելված առաջին),
- ներառված են անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում․ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում),
- պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ,
- վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ /պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն/ ստանալու իրավունք ունեն (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։