Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ԱՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարությունը՝ առաջնահերթություններն ու ծրագրերը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բարձր գնահատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին նպաստելու նախաձեռնողականությունը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցության ակտիվացումն ու ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
«Վստահ եմ, որ ակտիվ աշխատանքային քննարկումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա սոցիալական պաշտպանության ոլորտում գերակա ծրագրերի իրականացումն ու առկա մարտահրավերների հաղթահարումը։ Հուսով եմ, որ այս հանդիպումը ևս կնպաստի գործադիր և օրենսդիր կառույցների միջև համագործակցության թիրախային ուղղությունների հստակեցմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- նշել է նախարարը։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս ընդգծել է նմանօրինակ հանդիպումների արդյունավետությունը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում․ «Մենք նույնպես կարևորում ենք միասնական աշխատանքային հարթակ ձևավորելու հնարավորության ստեղծումն ու համատեղ աշխատանքների ներդաշնակեցումը։ Մենք կփորձենք աջակցել նաև այն ոլորտային ծրագրերի իրականացմանը, որոնք օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն»։
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալներն, ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են սահմանված առաջնահերթությունները, օրակարգային հարցերն ու միջոցառումները։
Ներկայացվել է սոցիալական աջակցության ոլորտի առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայության կատարելագործման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, սոցիալական պաշտպանության համակարգի՝ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների մշակման վերաբերյալ մանրամասները։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում կարևորվել է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների բարելավումը, կամավորության ինստիտուտի ներդրման նպատակով իրավական մեխանիզմների մշակումը, զբաղվածության պետական ծրագրերի առավել հասցեականության ապահովումը, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը, սոցիալական գործընկերության զարգացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը։
Անդրադարձ է կատարվել երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին։
Աշխատանքային հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։