ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ հանդիսացող Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ Քարֆուր Հայաստանին պատկանող «Քարֆուր Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են ընկերության աշխատատեղերի ստեղծման և համալրման աշխատանքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ քաղաքացիներին ուղղորդել ընկերություն։ Ընտրված աշխատակիցները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների, որից հետո կապահովվեն աշխատանքով։
«Քարֆուր Արմենիա» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատել է նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները՝ համագործակցել նախարարության հետ և անհրաժեշտ ջանքեր ներդնել քաղաքացիներին աշխատանքով ապահովելու գործում։
Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ընկերության պատրաստակամությունը և նշել, որ պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը նպաստելու է քաղաքացու խնդիրների արդյունավետ լուծմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Հիշեցնենք, որ աշխատանքի և զբաղվածության, սոցիալական բնակարանաշինության ոլորտներում բարեփոխումների իրականացման և նոր ծրագրերի իրագործման նպատակով նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև վերջերս կնքվել էր համագործակցության հուշագիր, որի շրջանակում անդամ ընկերությունները կներգրավվեն նախարարության կողմից մշակված սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքներին։
«Քարֆուր Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում՝ առաջիկայում աշխատանքով կապահովվի 75 քաղաքացի․ մինչև տարեվերջ ընկերության աշխատակիցների թիվը կավելանա ևս 105-ով։