Սիրելի բարեկամներ,
Հոկտեմբերի 1-ին աշխարհը նշում է տարեցների միջազգյին օրը: Արդեն տարիներ շարունակ մենք ևս հիշատակում ենք այն` մեծարելով մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին:
Հայերն ավանդաբար առանձնակի վերաբերմունք են դրսևորել ծնողի, տարեցի նկատմամբ` իբրև ընտանիքի սյուն, իբրև սկիզբ, իբրև հայոց ազնվական տան պահապան: Բոլոր օրերը տոն են, երբ մեր կողքին են մեր մեծերը:
Տարեցները մեր կառավարության, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հասկանալի է` նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Ցավոք, վերջին տարիների ընթացքում մեր պետության հնարավորությունները թույլ չեն տվել լիարժեք լուծել հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Այս առումով մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք դեռ և միշտ պարտք ենք Ձեզ:
Թույլ տվեք նախարարության անձնակազմի, անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության բոլոր տարեցներին` մաղթելով առողջություն և բարեկեցիկ կյանք:
Արթուր Գրիգորյան