Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում անցկացվեցին “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին” օրենքի նախագծի վերաբերյալ լսումներ:
Լսումներին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը, Ազգային ժողովի պատգամավորներ, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Լսումների նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ օրենքի դրույթներին, լսել հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը շնորհակալություն հայտնեց լսումների կազմակերպման համար:
“Հաշմանդամություն ունեցող անձիք ունեն նույն իրավունքները, ինչ մեզանից յուրաքանչյուրը և պետք է օգտվեն այն իրավունքներից, որոնք հասու են մեր քաղաքացիներին: Այս ձևաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի առարկայական հիմքի վրա դնել նոր օրենքում ամրագրված սկզբունքները` հիմքում ունենալով մարդու իրավունքները”,- նշեց նախարարը:
Ինչպես նշեց Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ սա հերթական քայլն է երկրի Սահմանադրության մեջ ամրագրված “սոցիալական պետության” կայացման ճանապարհին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ լսումների նպատակն է վերականգնել հաշմանդամների իրավունքները, լուծել նրանց մտահոգող խնդիրները՝ կապված հիվանդությունների, աշխատանքի, տեղաշարժման մատչելիության հետ, ինչպես նաեւ արձանագրել օրենքում առկա թերությունները, ընդունել սկզբունքներ, որոնք կենսական են եւ կիրառելի:
Հյուրերին ողջունեց նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը: Նա նշեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ուրախ է աջակցել կառավարությանը` շեշտելով, որ կարևորում է հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը:
“Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագիծը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջեմա Բաղդասարյանը՝ անդրադառնալով նաեւ ոլորտում իրականացվող քաղաքականությանը:
Նա ներկայացրեց ոլորտի վիճակագրությունը` ՀՀ-ում հաշվառված է 186.384 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8000-ը երեխաներ են: Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 տոկոսը, աշխատունակ հաշմանդամներից այսօր աշխատում է միայն 9 տոկոսը, հաշմանդամների 19 տոկոսը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որից 15 տոկոսը նպաստառու են:
Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ օրենքի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնց մի մասը ներառվել է նախագիծ: Որպես հիմնական սկզբունք տիկին Բաղդասարյանը նշեց բժշկական մոդելից անցումը սոցիալական մոդելին: Նա պատասխանեց քննարկման մասնակիցների հնչեցրած հարցերին:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցերի մասին խոսեց ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Նրա ներկայացմամբ` նոր օրենքի նախագծում ներառվել են միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական նորմեր:
Ելույթներ ունեցան նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: