Կենսաթոշակների և նպաստների չափերը՝ 2022 թ․ հունվարի 1-ից

0
95

2022 թ․ հունվարի 1-ից կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստների չափերը` Կառավարության կողմից այսօր ընդունված որոշման համաձայն։

Այսպիսով՝  2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կկազմեն՝

ա․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 43,000 դրամ (40,000 դրամի փոխարեն),

բ․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),

գ․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն),

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։  

2022 թ․ հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28,600 դրամ (26,500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37,000 դրամ (26,500 դրամի փոխարեն)։

Կբարձրանա նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ներկայիս 26,500 դրամի փոխարեն կստանա 28,600 դրամ: