Հաշմանդամություն ունեցող անձանց՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը նպաստելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (հղումը՝ https://bit.ly/3JOQzh9)։
Անձնական օգնականի ծառայության նպատակն է՝
- աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների և ազատությունների լիակատար իրականացմանը,
- աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների իրականացմանը,
- խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությանը,
- բացառել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքից:
Անձնական օգնականի ծառայությունը ներառում է՝
- աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի խնամքի կազմակերպման հարցում, մասնավորապես՝ անձնական հիգիենան պահպանելու, հագուստ կրելու, սնունդ ընդունելու, սննդի, դեղերի գնումներ կատարելու և մի շարք այլ հարցերում,
- աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի՝ տանը և դրսում տեղաշարժը ապահովելու հարցում,
- ուղեկցություն՝ որևէ վայր այցելության ժամանակ,
- օգնություն՝ հաղորդակցվելու հարցում, այդ թվում` վերջինիս ցանկությամբ կոնկրետ անձանց կամ մարմիններ դիմելու, տեղեկություններ ներկայացնելու և ստանալու նպատակով և այլն։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ անցնելով այս հղմամբ՝ https://bit.ly/3JOQzh9
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքականություններն ու ընթացակարգերը։ Հաշվի են առնվել նաև Անկախ կյանքի եվրոպական ցանցի ուսումնասիրությունները և ուղեցույցները։