Մասնագիտական կողմնորոշման ակումբներ՝ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում

0
70

Կարևորելով մասնագիտության գիտակցված ընտրության, աշխատանքային մոտիվացիայի և կարիերայի արդյունավետ ուղղորդման գործընթացն՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի» աջակցությամբ՝ ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում այս պահին ներդրված են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, որոնց շրջանակում անցկացվող դասընթացները վարում են կենտրոնի կողմից վերապատրաստում անցած մանկավարժները։

Դպրոցների ընտրության առաջնահերթությունը տրվել է սահմանամերձ համայքներին. նոր չափորոշիչների փորձարկման շրջանակում՝ Տավուշի մարզի 80 դպրոցներում 2021 թվականին ներդրվել են մասնագիտական կողմնորոշման պարտադիր ակումբներ՝ նախատեսված 8-11-րդ դասարանի աշակերտների համար։ Կենտրոնի կողմից մշակվել են նաև «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի չափորոշիչներն ու ծրագիրը (հիմնված արդի և ապագա աշխատաշուկայի պահանջարկի վրա), որը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից։

Ներկայումս ԱՍՀՆ կողմից առաջարկված մոդելով և մեթոդաբանությամբ՝ հանրապետության 96 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործում են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ, որից 2019-21թթ. ուսումնական տարում օգտվել է շրջանավարտների 97.4%-ը․ զգալիորեն աճել է նաև իրենց մասնագիտությամբ աշխատանքի տեղավորված շրջանավարտների թիվը։

Ֆորմալ կրթական համակարգում մասնագիտական կողմնորոշման համընդհանուր ներդրման շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ՝ առաջարկելով ծառայությունների այնպիսի մեթոդաբանություն, որը հիմնված է արագ զարգացող տեխնոլոգիաների ժամանակաշրջանում մրցունակ աշխատուժի ձևավորմանը․ մինչև 2026թ․ նախատեսվում է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ներդնել մասնագիտական կողմնորոշման ակումբներ՝ ծառայությունները հասանելի դարձնելով 14-17 տարեկան բոլոր դպրոցականներին: