Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
93

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային  զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մի խումբ պատասխանատուների` առաքելության ղեկավար տ. Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ:

Շնորհավորելով նախարարին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, տիկին Չիման նշեց, որ  տարիների պատմություն ունեցող համագործակցությունը տվել է հիանալի  արդյունքներ:

“Մենք միշտ սիրով ենք աշխատել նախարարության պատասխանատուների հետ և այժմ էլ պատրաստ ենք աջակցել իրականացվող աշխատանքներին”,-ասաց առաքելության ղեկավարը: Նա ներկայացրեց սոցիալական բարեփոխումների գրասենյակի նոր պատասխանատուներին, խոսեց նոր համատեղ ծրագրի ենթաբաղադրիչների մասին:

Շնորհակալություն հայտնելով մինչ այժմ կատարված աշխատանքների համար, պարոն Մնացականյանը  նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն մեր երկրում, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտում, իրականացրել է մեծ և արդյունավետ աշխատանք:  Նոր ծրագրով նախատեսվում է աջակցություն կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների գործընթացին: Կարևորելով դրանք, նախարարն առանձնահատուկ շեշտեց կենսաթոշակային բարեփոխումների  մատչելի իրազեկման խնդիրը:

“Մենք պետք է կարողանանք իրականացնել, ես կասեի, ժողովրդական իրազեկում, որովհետև բարեփոխումների ընթացքը մեծապես կախված է  դրանից”,-ասաց պարոն Մնացականյանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կարճ ժամանակում ձևավորել աշխատանքային խմբեր և սկսել քննարկումները: