Մեկնարկեց Եկամտային հարկի վերաբերյալ իրազեկման քարոզարշավը

0
110

2012թ. սեպտեմբերի 29-30-ը Աղվերանում կայացավ “Եկամտային հարկի ներդրումը 2013թ.: Ընդառաջ կենսաթոշակային բարեփոխումներին” թեմայով կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարությունները, Պետական եկամուտների կոմիտեն, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը համատեղ: Միջոցառման նպատակն էր 2013 թվականից ներդրվող Եկամտային հարկի և Անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը, հրավիրված համապատասխան մասնագետների ուսուցումը: Ներկա էին ինչպես ոլորտը ներկայացնող պաշտոնատար անձինք, այնպես էլ ներկայացուցիչներ հաշվապահական միություններից և հարկատուների ու գործատուների  իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Խոսելով եկամտային հարկի և անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ինչպես անհրաժեշտության, այնպես էլ կարևորության մասին` Արտեմ Ասատրյանն ամփոփեց. “Համոզված եմ, որ այս փոփոխությունը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու”: Իր եզրափակիչ խոսքում նախարարը հերթական անգամ կարևորեց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի գործունեությունը` շեշտելով, որ գարգետ կազմակերպված իրազեկման քարոզարշավը մեծապես կնպաստի բարեփոխումների հաջող ընթացքին: Առանց ուսուցման և իրազեկման հնարավոր չէ բարեփոխել համակարգը, ասաց նախարարը, այնպես որ եկամտային հարկի էությունը ներկայացելու այս միջոցառումը կարևոր օղակներից է այդ գործընթացում:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից, ովքեր մանրամասն ներկայացրին եկամտային հարկի էությունը, դրա ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև` Անձնավորված հաշվառման համակարգը, որի միջոցով գործատուները, սկսած 2013 թվականից, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին պետք է ներկայացնեն վարձու աշխատողների գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները: ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչներ Արամ Մեսրոպյանի և Աշոտ Սեմերջյանի ելույթներն ուղեկցվեցին ակտիվ  հարցադրումներով և շահագրգիռ քննարկմամբ:

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ընդունված օրենքների փաթեթը քննարկման մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը միջոցառման երկրորդ օրը: Փոխնախարարը հանգմանորեն մեկնաբանեց լսարանի համար անհասկանալի օրենքների դրույթները` նաեւ ներկայացնելով առաջիկայում նախատեսվող օերսդրական լրամշակումները:

“Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն” հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի խոսքով` մշակվել է անձնավորված հաշվարկը /գրանցման հայտը/ էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների մանրամասն ծրագիր` ըստ առանձին թիրախային խմբերի, և այս միջոցառմամբ, փաստորեն, մեկնարկում է ուսուցման դասընթացների շարքը: Նախատեսվում են կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող իրազեկման բազմաթիվ այլ միջոցառումներ: Արտակ Ղազարյանը վստահություն հայտնեց, որ թե´ գործատուները, թե´ լայն հասարակությունը պատրաստ կլինեն կատարվող փոփոխություններին, և աշխատող քաղաքացիները կկարողանան առավելագույն օգուտ քաղել` բարեփոխումերի ընձեռած բոլոր հնարավորությունները գրագետ օգտագործելով:

Քննարկման ավարտին մասնակիցները ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեցին միմյանց` միջոցառումը գնահատելով խիստ արդյունավետ և հույս հայտնելով, որ նմանատիպ ձեռնարկումները կլինեն շարունակական:

SHARE
Previous article
Next article