«Միայն համատեղ ջանքերով, նպատակային և հետևողական քաղաքականությամբ է հնարավոր նպաստել «արևների» ներուժի լիարժեք զարգացմանը»․ նախարար Նարեկ Մկրտչյանի ուղերձը՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

0
90

Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես Դաունի համախտանիշ ունեցող անձանց՝ «արևների» միջազգային օր։

Հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ուղղված ծառայությունների որակի բարձրացումն, ինչպես նաև ներառական զարգացման ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության առանցքում են։ Այս նպատակով՝ վերջին տարիների ընթացքում նախարարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են նաև Դաունի համախտանիշ ունեցող անձանց համար առավել մատչելի պայմանների ստեղծմանը, անկախ կյանքին աջակցող ծառայությունների ձևավորմանն ու զարգացմանը։

2022 թվականի ընթացքում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող 10 ցերեկային կենտրոններում, օրինակ՝ ամսական կտրվածքով ծառայություն է մատուցվում հաշմանդամություն ունեցող 330 անձի (այդ թվում ՝ Դաունի համախտանիշ ունեցող), որոնք, կենտրոնի տարբեր մասնագետների կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքում, խմբային և անհատական պարապմունքների միջոցով ստանում են իրենց կարողություններին համապատասխան ծառայություններ։ Դրանք նպաստում են շահառուների անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը և համայնքային կյանքին մասնակցության ապահովմանը։

Միայն համատեղ ջանքերով, նպատակային և հետևողական քաղաքականությամբ է հնարավոր նպաստել «արևների» ներուժի լիարժեք զարգացմանը։