0
86

Տարեցների միջազգային օրվա առիթով “Առնո Բաբաջանյան” համերգասրահում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի աջակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր երեկո` նպատակ ունենալով ընտանիքներում ապրող և տարբեր հաստատություններում բնակվող տարեց մարդկանց օրը դարձնել ավելի գունեղ ու հիշարժան, արժանին մատուցել նրանց վաստակին ու տարիներին փորձին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, համակարգի հաստատություններում բնակվող տարեցներ, հյուրեր:

Սրտանց ողջունելով երեկոյի մասնակիցներին ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը նշեց. “Որպես նախարար ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ՀՀ կառավարության մոտեցումները, մեր նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերը թույլ կտան մեզ աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով լուծել ձեզ արժանապատիվ կյանք ապահովելու` պետության կարևորագույն խնդիրներից մեկը: Դուք վաստակել եք երջանիկ ծերություն ունենալու իրավունքը, արժանի եք մեծարանքի ու հարգանքի: Մենք անում ենք հնարավորը` ձեր խնամքն ու կենցաղը կազմակերպելու, ընտանեկանին մոտ պայմաններ ստեղծելու համար:

Տոնի առիթով ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն և ցանկանում, որ միշտ շրջապատված լինեք հոգատարությամբ ու մարդկային ջերմությամբ”:

Երեկոն հագեցած էր տոնական տրամադրությամբ, արվեստի վաստակավոր գործիչները, ինչպես նաև անհատ տարեց կատարողները հանդես եկան գեղարվեստական համարներով: Բոլորն ուրախ էին և գեղեցիկ երեկոյի մասնակիցը: Տիկին Սարգսյանի կողմից նրանք ստացան նաև փոքրիկ խորհրդանշական նվերներ:

Տոնի առիթով միջոցառումներ կազմակերպվել էին համակարգի բոլոր հաստատություններում: Նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ այս անգամ էլ այցելեցին Նորքի տուն-ինտերնատ` իրենց ներկայությամբ և բարեմաղթանքներով ուրախացնելով տեղի բնակիչներին:

“ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Ասատրյանի և նախարարության աշխատակիցների անունից շնորհավորում եմ ձեր տոնը սիրելի տատիկներ ու պապիկներ: Մենք` նախարարությունը, անձնակազմը անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք ձեզ զգաք ընտանիքում` շրջապատված հարազատների հոգատարությամբ ու ջերմությամբ: Մենք հարուստ ենք, երբ դուք մեր կողքին եք ձեր իմաստությամբ, փորձով ու խորհուրդներով: Եղեք առողջ, ուրախ ու երջանիկ”,- բարեմաղթեց տիկին Բաղդասարյանը:

Տուն-ինտերնատի բնակիչներին ալցելել էին նաև “Կարին” ազգագրական համույթն ու “Ժողովրդական երգիչ” նախագծի մասնակիցները, որոնք իրենց կատարումներով խինդ ու բերկրանք պարգևեցին տարեցներին: