0
87

Հունիսի 6-ին, “Անի Պլազա” հյուրանոցի “Նաիրի” դահլիճում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և պետական կառույցների հետ համագործակցության “ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ”-ի կազմակերպած “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը: Այն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ “Քաունթերփարթ ինթերնեյշնլ” կազմակերպության աջակցությամբ, “Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում” ծրագրի շրջանակներում:

Հանդիպման նպատակն էր օրենքը մշակողներից ստանալ նախագծի վերաբերյալ ցանցի հանրային փորձագետների և ՔՀԿ այլ կառույցների կողմից բարձրացված հարցերի պատասխանները, հավաքագրել, քննարկել առաջարկներ և միասնական  փաթեթով ներկայացնել նախարարությանը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, աշխատանքի և  զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, ՀՀ ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արևիկ Խաչատրյանը, “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորների օգնականներ և փորձագետներ, ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ապրեսյանը, զբաղվածության տարածքային կենտրոնների, արհեստակցական միությունների, գործատուների միության, մասնավոր զբաղվածության գործակալությունների, ՓՄՁ սուբյեկտների և ցանցի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Պարոն Ավետիսյանը ներկայացրեց օրենքի նախագծի փոփոխությունների  հիմնական ուղղությունները: Նշեց, որ այն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Օրակարգի համաձայն պատասխանեց հարցերին, ապա անդրադարձ կատարեց նաև ցանցի կողմից կանխավ ներկայացված հարցադրումներին, տեղեկացրեց, որ դրանցից շատերին ընթացս պատասխանվել է, իսկ առաջարկների առումով նշեց, որ որոշներն արժանացել են աշխատանքային խմբի ուշադրությանը և գտնվում են քննարկման փուլում, ուստի դրանց անդրադառնալը վաղաժամ է համարում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև թափուր աշխատատեղերի, սոցիալական քարտի միասնական տեղեկատվական բազաների, գյուղաբնակների զբաղվածության, համալիր սոցիալական ծառայությունների ներդրման խնդիրները, որոնք գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում:

ՔՀԿ համայնքի մեկնաբանությունների ոչ թափանցիկ ընթացակարգը խոչընդոտում է վերջիններիս և որոշում կայացնողներին կանխավ հասկանալու նույն հարցի շուրջ ինչպիսի դիրքորոշումներ ու լուծումներ են առաջարկվում: Առկա  է արդյոք շահերի բախում, ինչը նախարարությանը և որոշում ընդունողներին կխանգարի որոշում կայացնելիս, ինչպես օրինակ զբաղվածության մասնավոր գործակալությունների աշխատանքների խիստ, կամ համեմատաբար ազատական գործունեության իրավունքների ամրագրման խնդիրն է: Միևնույն ժամանակ ՔՀԿ համայնքի մեկնաբանությունների ոչ թափանցիկ ընթացակարգը բացասաբար է անդրադառնում նրանց մոտիվացվածության վրա:

Առաջարկվեց, որ նախարարությունը պատրաստի ՔՀԿ-ների առաջարկների հավաքական ցանկ` դրանց ընդունման կամ մերժման մեկնաբանություններով, որը տեղադրվի նախարարության կայքէջում, ինչպես նաև օրենքի նախագծի հետ ներկայացվի ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով:

Պարոն Պետրոսյանը քննարկման ավարտին իր գոհունակությունը հայտնեց և նշեց, որ ոգևորված է ՔՀԿ-ների շահագրգիռ և մասնագիտական մոտեցմամբ: Հավաստեց, որ ներկայացված և բարձրացված բոլոր առաջարկները, որոնք համընկնում են ՀՀ կառավարության քաղաքականությանն ու դրված են պետական ռազմավարական ծրագրերի հիմքում` կարժանանան նախարարության բազմակողմանի քննարկմանը, որպես այլընտրանքային լուծումներ: