Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։
Ծրագիրը 14-17 տարեկան բոլոր դպրոցականներին հնարավորություն կտա դեռևս դպրոցից ճիշտ պատկերացումներ ունենալ աշխատաշուկայի մասին, ճշգրիտ վերաբերմունք ձևավորել մասնագիտության ընտրության և կարիերայի արդյունավետ պլանավորման հարցում։
Հիշեցնենք, որ ԱՍՀՆ «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի» աջակցությամբ՝ ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում այս պահին ներդրված են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, որոնց շրջանակում անցկացվող դասընթացները վարում են կենտրոնի կողմից վերապատրաստում անցած մանկավարժները։
Ծրագիրն իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում (շաբաթական մեկ ժամ տևողությամբ), և աշակերտներին հնարավորություն է տալիս արտադպրոցական հանդիպումների միջոցով ծանոթանալ գործատուների, տվյալ բնագավառի արհեստավարժ մասնագետների հետ, ստանալ անհատական խորհրդատվություն և այլն։