0
96

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությանից հարյուր տոկոս տուժած գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշել է քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կարկտահարված բնակավայրերի ընտանիքներին համապատասխան օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել էր աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի մասնակիցները այցելել են Արմավիրի մարզ, հանդիպել մարզպետին ու գյուղապետերին, կազմվել է գյուղական համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակը` հիմք ընդունելով համապատասխան համայնքի ղեկավարի հիմնավորած առաջարկությունը: Մշակվել են կոնկրետ չափորոշիչներ ու մոտեցումներ, որոնց հիման վրա պատասխանատուները կարողացել են ճիշտ գնահատել ընտանիքների վիճակը:

Կառավարությունը հանձնարարել է  ՀՀ Արմավիրի մարզպետին` ճշտել հաստատված ցուցակները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 80,300.0 հազ. դրամ:  Վճարումները կիրականացվեն 2013 թվականի հունիս ամսվա ընթացքում:

Միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների ցուցակները պարտադիր կփակցվեն բնակչության համար առավել տեսանելի վայրերում:

SHARE
Previous article
Next article