0
75

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013թ. ապրիլի 2-ի N 47-Ա/1 հրամանով նախարարությունում ստեղծվել է հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով, որի առաջին նիստում ներկայացվել և քննարկվել է “Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու մասին” նախարարության հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովի որոշման նախագիծը:

Նախագծով ներկայացվել է նախարարության հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովի, հանձնաժողովի նախագահի, անդամների, քարտուղարի լիազորությունները, հանձնաժողովին դիմումների, գրությունների ներկայացման ընթացակարգը, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև եզրակացությունների ընդունման և պարզաբանումների տրամադրման ընթացակարգերը:

Նախագծի համաձայն` հանձնաժողովի քննարկմանը հարցեր կարող են ներկայացնել  քաղաքացիները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, նախարարության աշխատակիցները, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, հասարակական միավորումները: Քննարկմանը ներկայացվող հարցերը կարող են վերաբերել հանրային ծառայողների էթիկայի կանոնների խախտմանը, դրանց պահպանմանը, պահպանմանը խոչընդոտելուն և դրանք չպետք է առնչվեն քրեական, վարչական, կարգապահական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող հարցերի հետ:

Նախարարությունում էթիկայի կանոնների պահպանումը հանձնաժողովի հիմնական խնդիրն է: