ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պարոն Բ. Բուզետտոյին:
Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը հույս հայտնեց, որ նախարարության և ՄԱԿ-ի կառույցների միջև ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ:
Կարևորելով առկա համագործակցության արդյունքները՝ պարոն Բուզետտոն պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքերով աջակցել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հետագա զարգացմանը և խնդրեց նախարարին ներկայացնել ոլորտի առաջնահերթությունները, մասնավորապես՝ զբաղվածության ապահովման ուղղությամբ:
Նախարարը հանգամանորեն անդրադարձավ ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին և ծրագրերին՝ նշելով ՄԱԿ-ի հետ հետագա համագործակցության հնարավոր եզրերը:
Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ: