0
77

“Մեդիա կենտրոն” մամուլի ակումբում օգոստոսի 7-ին “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մաիսին” ՀՀ օրենքի տարընթերցումների պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

Հանդիպման նպատակը 2013թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 3-րդ հոդվածում սահմանված “գենդեր” հասկացության` “տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք” վերաբերյալ հրապարակված տարատեսակ մեկնաբանությունների պարզաբանումն էր: Հասարակության տարբեր շերտերի կողմից տրվել էր բազմաբնույթ որակումներ` “սեռական այլասերվածությունների օրինականացում”, “ավանդական ընտանիքի կազմալուծում”, “ազգային արժեքների ոտնահարում” և այլն:

“Հետևելով մամուլի և սոցիալական ցանցերում տեղ գտած տարաբնույթ տեղեկատվությանը, տեսնելով հասարակության մտահոգությունը` ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ ձևակերպման փոփոխման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից կա բանավոր հանձնարարական: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և համապատասխան փոփոխման նախագիծը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանին”,- հավաստեց պարոն Բերիկյանը:

Անդրադառնալով օրենքի ընդունման գործընթացին` բանախոսը նշեց, որ օրենքի երեք ընթերցումներն անձամբ է ներկայացրել ՀՀ Ազգային Ժողով և այն թյուր կարծիքը, որ վիճահարույց ձևակերպումը հայտնվել է 3-րդ ընթերցման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Օրենքի նախագծում ի սկզբանե եղել է նույն ձևակերպումը:

Նշված օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Այն կարգավորում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները միայն հանրային/հասարակական ոլորտում:

Օրենքն ուղղված է մեր կյանքում կանանց տեղի և դերակատարության բարձրացմանը, որոշումների կայացման տարբեր մակարդակներում, հանրային-քաղաքական կյանքին մասնակցությանը: Հիմքում միասնականության գաղափարախոսություն է` միավորելու և ոչ թե պառակտելու հասարակությունը:

Հանդիպման ընթացքում հնչած բազմաբնույթ հարցերն ստացան սպառիչ պատասխաններ:

Ի դեպ` “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքը երկար ճանապարհ է անցել: Այն առաջադրվել և առաջին ընթերցումն անցել է Ազգային ժողովի նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իսկ երկրորդ և երրորդ ընթերցումներն անցել են, և վերջնական տեսքով օրենքը քվեարկել և ընդունվել է արդեն ներկայիս խորհրդարանի կողմից` 2013թ. մայիսի 20-ին: Բոլոր ընթերցումների ժամանակ քննարկումներին մասնակցել են բազմաթիվ պատգամավորներ բոլոր խմբակցություններից` ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ, “Ժառանգություն”: Այս օրենքի համար խորհրդարանի երկու` Եվրոպական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել են խորհրդարանական լսումներ` հարյուրից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ /ոչ միայն կանանց հարցերով զբաղվող/: Բացի դրանից, հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել են հանրային քննարկումներ պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների և համայնքի բնակչության համար: Մասնակցել են մշակույթի, արվեստի, գրականության, կրթության և այլ ոլորտների ներկայացուցիչներ` ուսումնասիրելով օրենքը ողջ գաղափարախոսությամբ: Օրենքի վրա աշխատել են լուրջ մասնագետներ, գիտնականներ, հասարակական կազմակերպություններ:

SHARE
Previous article
Next article