0
81

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Է. Պետրիկասին:

Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար և խոսեց դեսպանի առաքելության ընթացքում երկու գործընկեր երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ակնկալվող ուղիների մասին:

Դեսպանը շնորհավորեց նախարարին Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովում ՀՀ նախագահության կապակցությամբ և կարևորեց նախագահության շրջանակներում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ անհանդուրժողականության և օտարատյացության դեմ պայքարը: Դեսպանը նշեց նաև, որ ս/թ. հուլիսի 1-ից Լիտվայի Հանրապետությունը ստանձնել է Եվրոպական Միության խորհրդում նախագահությունը, որի ընթացքում նախատեսվում են Արևելյան գործընկերության հետագա զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ: Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման ներկա փուլում երկուստեք կարևորվեց փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը: Նախարարն անդրադարձ կատարեց աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների կողմից վերջին տարիներին կատարած այցերի արդյունքներին: “Տպավորված էինք հատկապես ոլորտում առկա տեղեկատվական համակարգերով: Ներկայումս Հայաստանում ևս ներդրվում է տեղեկատվական նոր շտեմարաններով ձևավորված համակարգ, ինչը հնարավորություն կտա շահառուների կարիքները դիտարկել ամբողջության մեջ, յուրաքանչյուր խնդրին ցուցաբերել համակողմանի մոտեցում և ապահովել որակյալ ու հասանելի սոցիալական ծառայություններ”,-նշեց նախարարը:

Նախարարը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները:

Երկկողմ միջգերատեսչական համագործակցության իրավական հիմքերի ապահովման նկատառումով քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման նախապատրաստման հետ կապված հարցեր:

SHARE
Previous article
Next article