ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

0
106

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,  որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ՝ տեղում գերատեսչությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին և ստորաբաժանումներում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:

Նախարարությունում շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը Նախագահին ներկայացրել է 2013թ. ՀՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարարության գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ կատարել առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:  

Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի զեկույցը վերաբերում էր աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության և ժողովրդագրության խնդիրներին:

Նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը զեկուցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և տարեցների սոցիալական պաշտպանության հարցերի մասին:

Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ընթացքը և հետագա աշխատանքները:

Նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը զեկուցել է ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, գենդերային քաղաքականության, թրաֆիքինգի դեմ պայքարի և կառավարության բարեգործական ծրագրերի մասին:

ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը ներկայացրել է “էլեկտրոնային կենսաթոշակ” տեղեկատվական համակարգը:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով: