ՀՀ կառավարությունը 2012թ. դեկտմբերի 6-ի նիստում ընդունել է որոշումներ, որոնք հնարավորություն կտան ավելի վերահսկելի դարձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցնել փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։
Նախարարությունը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատանքների նկատմամբ նախատեսված չեն բավարար վերահսկման մեխանիզմներ: Գործակալության կառուցվածքային երկու բաժիններն իրենց գործառույթներով չեն ապահովում բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքների խորը ուսումնասիրությունը, վերլուծությունը, վերահսկողությունը: Բացակայում է նաև նախարարության կողմից վերահսկելիությունն ապահովելու մեխանիզմը: Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականները` նախատեսվում է գործակալությունում ստեղծել իրավական ապահովման, տեղեկատվական վերլուծական, ինչպես նաև վերափորձաքննության բաժիններ: Դա կապահովի բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքների հստակ կազմակերպումը և վերահսկողության ապահովումը:
Բացի դա, առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի նիստին կմասնակցեն ՀՀ մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված և ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկում ներառված անձինք, այդ թվում` պոլիկլինիկաների տնօրենների փորձաքննության գծով տեղակալներ, Երևան քաղաքի և ՀՀ մարզպետարանների առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետներ` պատահական ընտրության միջոցով: Մասնագետը, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նիստին կհրավիրի նաև անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրող բժշկին:
Հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության կարգը կհաստատեն ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվեն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցը և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանկը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին: Մասնակցության կարգը կսահմանի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Փոփոխություններ են նախատեսվել նաև բժշկասոցիալական փորձաքննության որոշումը բողոքարկելու կարգում: Հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումը անձը կարող է վեցամսյա ժամկետում բողոքարկել գործակալության պետին, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է համապատասխան ստորաբաժանման կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումը ընդունում է որոշում: Գործակալության ստորաբաժանման կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարության բողոքարկման բաժինն ուսումնասիրում է փորձաքննված անձի բողոքը, ներառյալ` բժշկասոցիալական փորձաքննական գործը և դրան կից ներկայացված փաստաթղթերը և տալիս եզրակացություն:
Բողոքարկման բաժնի առարկությունների շրջանակներում` հանձնաժողովի կողմից վերափորձաքննության արդյունքում կայացված նոր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը կարող է որոշումը տասնօրյա ժամկետում բողոքարկել ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին: Անհրաժեշտության դեպքում, ՀՀաշխատանքի և uոցիալական հարցերի և առողջապահության նախարարների համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը գործի ուսումնասիրության արդյունքում կտա փորձագիտական եզրակացություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը կարող է արձակել պարտադիր կատարման հրաման: