0
80

2014թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշեց, որ 2014 թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ, 2015 թ-ին՝ 55 հազար դրամ, իսկ 2016թ-ին` 62 500 դրամ:

Նախարարի խոսքերով` նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ավելին, Կառավարության ծրագրի իրականացմամբ նախատեսվում է մինչև 2017 թ. նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70 հազար դրամի: “Նվազագույն աշխատավարձի հետևողական և նպատակադրված աճը թույլ կտա, որ աշխատավարձերը համաչափ բարձարանան, ինչպես նաև տնտեսվարողներին հնարավորություն կտա իրենց բիզնեսը վերակառուցել այս ճանապարհին: Բնական է, որ առաջին հերթին պետք է ավելացվի արտադրողականությունը, պահպանվի զբաղվածության մակարդակը”,- ընդգծեց նախարարը:

Կենսաթոշակի վճարումը կարգավորվել է

Հիմք ընդունելով “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը և “Իրավական ակտերի մասին” օրենքի պահանջները` կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մամուլի միջոցով կենսաթոշակառուներին տեղեկացնել, թե ինչ աշխատանք է կատարվել վերջին ամիսներին, որպեսզի կենսաթոշակի ուշացում այլևս չլինի:

Կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում պարոն Ասատրյանը  հանգամանորեն ներկայացրեց կատարված աշխատանքները:

Մի փոքր հետ գնալով՝ նախարարը հիշեցրեց, որ դեռևս երկու տարի առաջ կենսաթոշակների վճարումները սկսվում էին յուրաքանչյուր ամսվա կեսերից, սկզբում Երևանում, այնուհետև՝ մարզերում: Վերջին երկու տարիներին տեղեկատվական համակարգի կատարելագործման արդյունքում հնարավոր եղավ կենսաթոշակները վճարել յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրերին, սակայն հաջորդ ամսվա վճարման ցուցակներ ընդգրկվում էին միայն մինչև տվյալ ամսվա 20-ը դիմած անձինք:

Նոր տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս իրացնել նույնիսկ մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություն չկա) դիմողների իրավունքները:

Պարոն Ասատրյանը հատուկ ընդգծեց. “Որպեսզի նոր համակարգի ընձեռած այս հնարավորությունն իրացվի, պետք է կատարվեն  հետևյալ քայլերը՝  յուրաքանչյուր ամսվա 1-ին աշխատանքային օրը տվյալները պետք է ամփոփվեն, 2-րդ օրը՝ կազմվեն ցուցակները և ուղարկվեն վճարող կազմակերպություններ, 3-րդ աշխատանքային  օրը վճարումները կսկսվեն հանրապետության ողջ տարածքում”:

Նախարարը կոչով դիմեց  հանրապետության բոլոր կենսաթոշակառուներին՝  այցելել վճարում իրականացնող կազմակերպություններ՝  3-րդ աշխատանքային օրից սկսած:

Պարոն Ասատրյանը խոսեց նաև համակարգի աշխատակիցների և քաղաքացիների հարաբերությունների մասին: “Հատուկ ուշադրություն ենք դարձնում սպասարկման որակին: Խստագույնս արգելվել և արգելվելու են  բյուրոկրատական քաշքշուկները, այլ մարմիններ քաղաքացիներին ուղղորդելը, էլ չենք խոսում գումարային որևէ ակնկալիքի մասին: Միայն օգոստոս ամսին ծառայության պետի հրամանով 7 աշխատակից ստացել է նկատողություն, 2-ը՝ խիստ նկատողություն, 9-նն ազատվել են աշխատանքից: Կարևորում ենք նաև հասարակական հսկողությունը, ուստի խնդրով մտահոգ կազմակերպություններին, քաղաքացիներին հրավիրում ենք համագործակցության: Պատրաստակամ ենք՝ քննարկելու և լուծում տալու ցանկացած հարցի”,- նշեց նախարարը: