ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մոտ տեղի ունեցավ 2013թ. հուլիսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Պերկինսի անվան կույրերի դպրոց նախարարության մի խումբ մասնագետների այցի արդյունքների հաշվետվության ներկայացում-քննարկում:
Ճանաչողական այցի շրջանակներում նախարարության աշխատակիցները հնարավորություն էին ունեցել ծանոթանալ 100-ամյա պատմություն ունեցող դպրոցի կազմակերպչական և ղեկավարման աշխատանքներին, դպրոցի բազմամասնագիտական թիմի աշխատելաոճին, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին, փոխանակել տեղեկատվություն, քննարկել հետագա համագործակցության ուղիները:
Աշխատանքային խմբի անդամները գործընկերներին ներկայացրեցին այցի արդյունքները, դպրոցի մասնագետների, երեխաներին տարատեսակ ծառայություններ մատուցող աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպումների բովանդակությունը, պատասխանեցին նախարարի, գործընկերների և փորձագետների բազմաթիվ հարցերին:
Պերկինսի դպրոցի ձեռբերումնեը տպավորիչ են: Կույր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները՝ կրթություն, իրենց պահանջմունքներին համապատասխան ծառայություններ ստանալու, հասարակության մեջ ներառվելու համար:
Պերկինսի դպրոցի հետ համագործակցությունը սկսվել է 2006թ. Գյումրու երեխաների տան, իսկ 2010թ.՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան հետ: Տեղի են ունեցել փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, ԱՄՆ-ում և Հայաստանում կազմակերպվել են սեմինարներ, մասնագետների վերապատրաստումներ, ինչն արդեն տվել է արդյունքներ:
Նախարարի պահանջով այցի մասնակիցները հնչեցրեցին իրենց առաջարկությունները՝ շարունակել համագործակցությունը, տեղայնացնել միջազգային փորձը, ստեղծել ռեսուրս կենտրոն՝ ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստման համար, իրականացնել իրազեկման աշխատանքներ հատուկ կարիքներով երեխաների և նրանց ծնողների համար, զարգացնել համայնքային ծրագրեր` երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու նպատակով:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ պարոն Ասատրյանը նշեց, որ նման հաստատության հիմնումը Հայաստանում կարող է դառնալ երեխաների պաշտպանության համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս:
“Մենք աշխատում ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ, համատեղ իրականացնում ենք մանկատները բեռնաթափելու, հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այլընտրանքային նոր, բազմաբնույթ ծառայություններ մատուցելու ծրագրեր: Կարևորագույն խնդիր է հաստատությունների յուրաքանչյուր տիպի համար հստակ չափորոշիչների մշակումը, արդի պահանջներին համապատասխան հաստատություններ ունենալը”,- նշեց նախարարը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խարբերդի մասնագիտացված մանկատունն իր առաքելությամբ, խնամվող երեխաների խնդիրներով մոտ է Պերկինսի դպրոցին, նախարարը քննարկումից անմիջապես հետո մեկնեց մանկատուն՝ տեղում ծանոթանալու հաստատության հնարավորություններին: