Նոր հնարավորություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

0
76

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը նախարարության մի խումբ աշխատակիցների և տեղական փորձագետների հետ այցելեց Խարբերդի  մասնագիտացված մանկատուն: Այցի նպատակն էր ծանոթանալ հաստատության գործունեությանը, շենքային և կենցաղային պայմաններին, երեխաների խնամքի, կրթության, կենցաղի կազմակերպման  աշխատանքներին:

Այցին նախորդել էր նախարարության մի խումբ աշխատակիցների՝ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գործող Պերկինսկի դպրոց կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը,  որի ընթացքում մասնագետները ներկայացրեցին կույր և զուգակցված արատներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մանրամասները: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խարբերդի մանկատանը խնամվում են հիմնականում նման խնդիրներ ունեցող երեխաներ, այցի նպատակներից մեկն էլ տեղում Պերկինսի դպրոցի օրինակով նոր, արդիական, բազմաբնույթ ծառայություններ մատուցող համալիր հիմնելու հարցը Խարբերդի մանկատանը կից ստեղծելու հնարավորության քննարկումն էր:

Նախարարը շրջեց մասնաշենքերով, ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին,  արդեն իսկ հաստատված և ակնկալվող ծրագրերին, զրուցեց մանկատան աշխատակիցների հետ:

“Մանկատունն ունի համապատասխան տարածք, շենքային պայմաններ, մարդկային ռեսուրսներ, հետագա անելիքների տեսլական:  Անհրաժեշտ է ի մի բերել եղած փորձը, միջազգային և տեղական փորձագետների առաջարկությունները, կազմել միջոցառումների հստակ ծրագրեր: Միայն պետական բյուջեի միջոցներով հնարավոր չի լինի կարճ ժամանակում կյանքի կոչել բոլոր ծրագրերը, ուստի հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի համատեղել ՀՀ կառավարության,  միջազգային կազմակերպությունների և բարերարների ջանքերը: Արդյունքում կունենանք նոր որակի ծառայություններ տրամադրող համալիր, որը կդառնա երեխաների խնամքի և պաշտպանության  համակարգի բաղկացուցիչ մաս”,-նշեց նախարարը:

Մոտ ապագայում տեղի կունենան հանդիպումներ, քննարկումներ գործընկերների հետ, հետագա քայլերի հստակեցում: Իսկ առարկայական, շոշափելի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: