0
66

Համագործակցությունն ավելի կխորանա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այցը քաղաքավարական էր:

<<Ես Հայաստանում եմ, բարեկամական երկրում, որի հետ մենք չլուծվող հարցեր չունենք: Հիացած եմ Ձեր երկրի մարդկանցով, պատրաստվում եմ լինել ոչ միայն տեսարժան վայրերում, այլև այցելել մարզեր, ծանոթանալ մարդկանց հետ: Միշտ պատրաստ եմ գործընկերների հետ հանդիպել, քննարկել ցանկացած հարց>>,-նշեց պարոն դեսպանը:

<<Մեր հարաբերությունները դարերի պատմություն ունեն, սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ երկար ճանապարհ ենք անցել, ունենք ստորագրված ռազմավարական փաստաթղթեր, որոնք մեծապես նպաստում են համատեղ զարգացմանը>>,-իր խոսքում նշեց նախարարը:

Ջերմ, բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում պարոն Ասատրյանը հյուրի խնդրանքով ներկայացրեց մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող կարևորագույն  բարեփոխումները:

Կողմերը փաստեցին, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում տեղի ունեցող գործընթացները թելադրում են համագործակցության նոր որակ, ուստի անհրաժեշտ է վերանայել, նոր հիմքերի վրա դնել գործընկերային հարաբերությունները:

<<Համոզված եմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանն  ունի ձեռքբերումներ, կուտակած փորձ և պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափ օժանդակել  երկու նախարարությունների համագործակցության էլ ավելի սերտացմանը, փորձի փոխանակմանը>>,- հանդիպման վերջում նշեց դեսպանը: