Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։
Մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին, ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի ներդրման կարևորությունն ու գործընթացի վերաբերյալ լայն իրազեկման անհրաժեշտությունը։
Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու գործընթացի պատշաճ կազմակերպմանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստի շրջանակում մարզի բուժաշխատողները, ոլորտային հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչները ծանոթացել են անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի կիրառման գործընթացին: Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը մանրամասնել է անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակը, ֆունկցիոնալության միջազգային դասակարգիչների կառուցվածքը, գնահատման ընթացակարգը և այլն։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։