Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում կգործի «Հատուկ գույքադարան»

0
88

Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներն այսուհետ կարող են օգտվել մարզական և վերականգնողական, ինչպես նաև զգայական ինտեգրացիայի համար նախատեսված շուրջ 60 տեսակի պարագաներից։

Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում «Հատուկ գույքադարանի» բացման միջոցառմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալի պաշտոնակատար Ալվարդ Պողոսյանը, «ՍՈՐՍ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը և այլք։

Ընդգծելով միջգերատեսչական ակտիվ համագործակցության դերը նմանօրինակ նախաձեռնությունների իրականացման գործում՝ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաներին հասցեական և կարիքահեն ծառայությունների շարունակական տրամադրումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ գույքադարանը կօգտագործվի մաքսիմալ արդյունավետ և ծառայի իր հիմնանպատակին։

Գույքադարանը հագեցած է ֆիզիկական, զգայական թերապիաների, զարգացնող վարժությունների համար նախատեսված տեսականիով, ինչպես նաև պալիատիվ խնամքի համար անհրաժեշտ պարագաներով։ Արդյունքում՝ մարզաբնակ հաշմանդամություն ունեցող շուրջ 50 երեխա կարող է օգտվել փայտե և փափուկ գույքից, պարագաներից և տնային հարմարեցումներից՝ ներառյալ տանը, մանկապարտեզում, դպրոցում կամ զարգացման կենտրոնում։  

Հատուկ վերապատրաստում անցած մասնագետներն աշխատանքներ կիրականացնեն ծնողների հետ՝ գույքի օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

«Հատուկ գույքադարանը» բացվել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համատեղ։