0
86

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թ. Բաբայանին:

Հանդիպման նպատակը նախարարության համակարգի խնամքի հաստատություններում Հիմնադրամի կողմից կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումն էր:

Հիմնադրամի մասնագետների կողմից ուսումնասիրվել են համակարգի երեխաների և տարեցների խնամքի 20 հաստատության շենքերի ջերմատեխնիկական բնութագրերն ու էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը: Վերլուծությունների արդյունքում այցելություններ են կատարվել  ընտրված 16 հաստատություն` տեղում ծանոթանալու, էներգախնայողության ներուժի բացահայտման համար համապատասխան հետազոտություններ իրականացնելու նպատակով: Կատարված դիտարկումների արդյունքում հիմնադրամն ընտրել է 6 հաստատություն՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, Խարբերդի մասնագիտացված մանկատուն,Նորքի տուն-ինտերնատ, Երևանի Զատիկ երեխաների աջակցության կենտրոն, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, Վանաձորի մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ):

Հիմնադրամի կողմից իրականացվող Էներգախնայող ծառայությունը ներառում է շենքերի դռների և պատուհանների փոխարինում, ծածկերի և արտաքին պատերի ջերմամեկուսացում, կաթսայատների վերազինում, ձեղնահարկային բացվածքների փակում, գազատարների կառուցում և այլ աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության: Ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել միանվագ ներդրում, հաստատություններում ունենալ զգալիորեն բարելավված ջեռուցման հարմարավետության մակարդակ, կենցաղային հարմարավետ պայմաններ՝ հատկապես ձմեռային շրջանում: Վարկի մարումը կատարվելու է 7-10 տարվա ընթացքում՝ խնայված գումարների հաշվին:

Պարոն Ասատրյանը նշեց, որ ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի խնամքի հաստատություններում ժամանակակից պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցմանը, խնամվողների կյանքի որակի բարձրացմանը:

Կողմերը քննարկեցին հետագա քայլերը,  այն է՝ պայմանները ևս մեկ անգամ քննարկել նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, կատարել անհրաժեշտ լրացուցիչ հաշվարկներ: Վերջնական համաձայնություն ձեռք բերելուն կհաջորդեն պայմանագրերի կազմման, ստորագրման և ծրագրերի իրականացման բուն աշխատանքները:

SHARE
Previous article
Next article