0
76

Օգոստոսի 21-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի “Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպության հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի կողմից նախաձեռնած արտագնա խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ու նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը: Այն նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերով ապահովման օրինակները, առկա խնդիրները, քննարկվեցին` նման փորձի տարածման, կյանքի բոլոր բնագավառներում նրանց համար հասանելի ու հավասար պայմաններ ստեղծելու հարցերը:

Պարոն Ասատրյանը տեղեկացրեց, որ նախարարության մշակած օրենքի նոր նախագծով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ: “Մենք ոչ թե ունենք խնդիր զուտ սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու, այլ հավասար հնարավորություններ ստեղծելու. դա միջավայրն է, տրանսպորտի հետ կապված խնդիրներն են, աշխատանքի հնարավորություններն են, որոնց համար առաջին հերթին անհրաժեշտ են օրենսդրական գործնական մեխանիզմներ”,- իր խոսքում նշեց նախարարը:

Պարոն Երիցյանն էլ խոսելով ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու մասին, որպես գործնական քայլ` մի քանի օրինակ բերեց նախարարության գործելաոճից: “Այսօր նախարարությունում աշխատում է 26 հաշմանդամություն ունեցող անձ: Եվս 4 աշխատակից նախատեսում ենք ունենալ: Մենք 30 աշխատատեղ ենք բացել մեր սայլակներով հաշմանդամների համար”: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Լոռու մարզում ևս կունենան 9-11 ծառայությունը, որտեղ նույնպես հաշմանդամություն ունեցող անձինք կապահովվեն աշխատանքով:

Խորհրդակցությանը հրավիրված էին նաև “Լուսաստղ” ՀԿ-ի շահառուներն ու անդամները, “Օրրան” ԲՀԿ շահառուների ծնողները, Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի անդամները:

Հանդիպման  ավարտից հետո ՀՀ ԱՍՆ նախարար Ա. Ասատրյանն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ այցելեց Լոռու մարզի Թեղուտ, Լորուտ և Քարկոփ համայնքներ` ծանոթանալու տեղի առկա խնդիրներին: Այցի ընթացքում մասնագետների կողմից իրականացվեց նախնական կարիքների գնահատում, որոնց հիման վրա նախարարությունը առաջիկայում կմշակի համայնքի զարգացման ծրագրեր: Նշված գյուղերին նախարարության կողմից տրամադրվեց բարեգործական օգնություն: 

SHARE
Previous article
Next article