Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։
Ըստ այդմ`
- ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը (հղումը՝ https://bit.ly/37WXffK ),
- հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը,
- նվազեցվել է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս, իսկ առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև բացառապես կենսաթոշակային տարիքի շահառուներից կազմված ընտանիքների համար՝ 1 տոկոս,
- ուժը կորցրած է ճանաչվել այն պայմանը, համաձայն որի՝ շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի,
- սահմանվել են արտոնություններ այն ընտանիքների համար, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն (ՀՀ առանձին գյուղական բնակավայրերի ցանկն՝ այստեղ)
- հստակեցվում է, որ ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Արցախի Հանրապետության այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը։
15.06.2023թ. դրությամբ՝ ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3612 շահառու, որից շուրջ 805 ընտանիքն արդեն իսկ ավարտել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Միջոցառման շրջանակում սուբսիդավորվում է նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝
- Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
- ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
- Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
- սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով,
- սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։
Միջոցառման շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի (մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։