Նպաստառուից՝ գործարար․ամփոփվել են նպաստառու 306 ընտանիքի բիզնես դրամաշնորհ տրամադրելու եռամյա ծրագրի արդյունքները

0
54

Այսօր՝ հունիսի 20-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագրի փակման արարողությունը, որին ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ՀՀ -ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրում ներգրավված շահառուներ։

«Չնայած նրան, որ ակտիվացման ծրագրերի փորձեր նախկինում  ևս ՀՀ-ում եղել են, բայց այս մեկն այն եզակիներից է, որը իրականացվեց նախարարության համագործակցությամբ։ Կառավարությունը հանձնառություն է վերցրել իրականացնելու ակտիվացման քաղաքականություն, որը հնարավոր կդարձնի փոփոխել անապահովության գնահատման համակարգը՝ վերջիններս համադրելով ակտիվացման ու խթանման ծրագրերին» – իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Ողջույնի խոսքով է ներկայացնել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, նշելով, որ եռամյա ծրագիրը հսկայական թիմի համագործակցության և ամենօրյա աշխատանքի արդյունք է․ «Ծրագիրն ապացուցեց, որ ներդրումներ պետք է անել մարդկանց մեջ՝ փորձելով վերհանել նրանց ուժեղ կողմերն ու ակտիվացման հնարավորությունները։ Ծրագրի ողջ ընթացքում կիրառվել է սոցիալական աշխատանքի այն ձեռագիրը, որը տալիս է այդ հնարավորությունը»,–  ընդգծել է Միրա Անտոնյանը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգենատը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։

Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են աղքատության պայմաններում ապրող շահառուների սոցիալական ակտիվացման, ներառական սոցիալական դեպքի վարման մոդելներին, ինչպես նաև կատարել են շրջայց ընտանեկան բիզնես հիմնած շահառուների բիզնես նախագծերի տաղավարներով՝ ջերմոցային տնտեսություն, ձեռագործ աշխատանք, հացաբուլկեղեն, սննդամթերք և տարատեսակ այլ ծառայություններ։

Պլենար քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել նաև ծրագրի արդյունքներին։

Հաջորդիվ կայացել է ծրագրի շահառուների տարատեսակ արտադրանքի և ծառայությունների ցուցահանդես-վաճառքը՝ Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակի տարածքում։

Հիշեցնենք, որ եռամյա ծրագրի շրջանակում ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների հետ համագործակցությամբ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել տարատեսակ սոցիալական խնդիրներ ունեցող շուրջ 10,700 անհատի Հայաստանի հինգ մարզերից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի, խթանելով նրանց ինքնաբավ գործառումն ու ներառումը հասարակության կյանքում, մասնավորապես՝

  1. 5128 ընտանիքի և նրա անդամների համար ապահովվել է հասանելիություն տարատեսակ կրթական, առողջապահական, իրավական, հոգեբանական, նյութական, հումանիտար աջակցության և այլ ծառայությունների,
  2. 3074 ընտանիք ստացել է աշխատանքի տեղավորման կամ ինքնազբաղվածության ծրագրերում ներառման աջակցություն,
  3. 1323 ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման ծառայություններում
  4. 4000 ընտանիք դիմել է ծրագրին, որոնցից 306 ընտանիք ստացել է փոքր դրամաշնորհ և հիմնել սեփական ձեռնարկատիրական գործունեությունը։
  5. 287 սոցիալական աշխատող և զբաղվածության մասնագետ հնարավորություն են ստացել յուրացնելու և զարգացնելու սոցիալական ակտիվացման և դեպքի վարման մասին գիտելիքներն ու դրանց կիրառման գործնական հմտությունները։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ  համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ և  Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ: