Երեխաների հիմնահարցերի ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ԱՍՀ նախարարության և ՀՕՖ-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ի միջև

0
86

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում երեխաների ընտանիքների հետ վերամիավորման, ինչպես նաև խնամատարության զարգացման ուղղությամբ աշխատանքների կատարելագործումը՝ համաձայնագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ի միջև։

Օգտագործելով նախարարության և հիմնադրամի ներուժը՝ կողմերը համագործակցելու են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես, երեխաների՝ իրենց կենսաբանական կամ հարազատական ընտանիքների հետ վերամիավորման, խնամատար ինստիտուտի զարգացման, բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կազմակերպման և այլ ուղղություններով։

Համաձայնագրի շրջանակում մշակվելու են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման դասընթացի մոդուլներ, ընտանիքի և աջակցության կենտրոնների շուրջօրյա բաղադրիչում խնամք ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման աշխատանքների մեթոդական ուղեցույցներ և այլն։

Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կառուցողական և շարունակական փոխգործակցության դերը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գործում։