Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԱՍՀ նախարարության ներկայացրած նախագծին։
Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Ծրագրի մեկնարկի առաջին ամսին շահառուների թիվը եղել է շուրջ 16,900, այս տարվա մայիս ամսվա տվյալներով՝ հետվճարի ծրագրին միացել է ավելի քան 114 հազար շահառու։
Ծրագրի մեկնարկից շահառուներին տրված ընդհանուր հետվճարը կազմել է շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառությունը՝ շուրջ 28.3 մլրդ։ Միայն այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում շահառուներին տրամադրվել է շուրջ 1.6 մլրդ դրամ հետվճար, իսկ անկանխիկ շրջանառությունը կազմել է շուրջ 18,7 մլրդ։