Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Շփվելով այդ պահին կենտրոնում գտնվող քաղաքացիների հետ՝ նախարարը վերահաստատել է, որ ՀՀ-ում գործող Միասնական սոցիալական ծառայության բոլոր տարածքային կենտրոնները նպատակ ունեն ապահովել բնակչության կարիքների ամբողջական գնահատումը, նպաստել տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Խոսելով կենտրոնի մասնագետների հետ՝ նախարարը շեշտել է քաղաքացիներին սոցիալական ծառայությունների հասցեական և պատշաճ տրամադրման կարևորությունը, միաժամանակ հանձարարել՝ տարածքային կենտրոն այցելող քաղաքացիներին ակտիվ և արդյունավետ իրազեկել նախարարության կողմից իրականացվող զբաղվածության, ակտիվացման և այլ ծրագրերի մասին, աջակցել նրանց հիմնական զբաղվածության ապահովման հարցում։