«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն» այսուհետ կունենա վերանորոգված, նոր ու բարեկարգ սենյակներ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին մատուցվող ծառայությունների համար․ միաժամանակ կենտրոնում կգործի նաև «Ապահով անկյուն»՝ բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությանն ուղղված։
Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ կենտրոն են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Սյունիքի փոխմարզետ Հայկ Հարությունյանը, Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ հյուրեր։
Վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին, շփվել մասնագետների և շահառուների հետ։ Հյուրերին ներկայացվել է Հայաստանում «Ապահով անկյուն»-ի՝ Բարնհաուս բազմամասնագիտական և միջգերատեսչական մոտեցման ներդրման և փորձարկման մանրամասները, մասնավորապես այն, որ ստեղծված անկյունը հնարավորություն կտա բարելավել բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունը, այն դարձնել համահունչ երեխաներին լավագույն շահին։ Ըստ անհրաժեշտության՝ քննչական գործողությունների շրջանակում երեխաների հետ անհրաժեշտ աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել հենց «Ապահով անկյունում»։
Կենտրոնի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։«Ապահով անկյունը» հիմնվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։