Կապան քաղաքում գործող բուժհաստատությունների աշխատակիցները և սոցիալ-վերականգնողական ոլորտում աշխատող մասնագետները ծանոթացել են անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելին․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու նախարարության ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում։Մարզի բուժաշխատողները, ոլորտային հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչները ծանոթացել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամության գնահատման սկզբունքներին և ընթացակարգերին, ինչպես նաև նոր մոդելի ներդրման աշխատանքներին։
Խոսելով սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունների մասին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի ներդրման կարևորությունը, գործընթացի վերաբերյալ իրազեկման անհրաժեշտությունը։
Այնուհետև ԱՍՀ նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը մանրամասնել է անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակը, ֆունկցիոնալության միջազգային դասակարգիչների կառուցվածքը, գնահատման ընթացակարգը և այլն։Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։