Ընդլայնվել են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները

0
77

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 29.01.2016թ. նիստում ընդունվել է «ՀՀ կառավարության 2002թ. օգոսոտոսի 22-ի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին N 1405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Առաջարկվող կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի հնարավորություն ստեղծել Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի համար իրականացնել առավել խորքային և արդյունավետ հետազոտություններ ու աշխատանքներ կապված անապահովության գնահատման, կյանքի որակի բարելավման, զբաղվածության ակտիվ ծրագրերի, մոնիթորինգի և արդյունավետության գնահատման, կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրների, սոցիալական գովազդի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել կադրերի վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ:

Նախագծով նախատեսվում է նաև Ինստիտուտի կանոնադրության փոփոխությունը, որում կներառվեն նշված գործառույթները, դրանով իսկ ապահովելով ինստիտուտի առավել լիարժեք մասնակցությունը Նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նախագծի ընդունումից ակնկալվող հիմնական արդյունքը Ինստիտուտի գործունեության համապատասխանեցումն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ ԱՍՀՆ կողմից վարվող քաղաքականությանը և այդ քաղաքականության իրականացման համար պահանջվող հետազոտական աշխատանքների և կադրերի վերապատրաստման աշխատանքների հետագա արդյունավետության բարձրացումը:

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականության համար գիտակիրառական հենքն ապահովող կազմակերպություն է, որի կողմից իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ համապատասխան հետազոտություններ և ոլորտի կադրերի վերա­պատ­րաստում: