Նախարար Արտեմ Ասատրյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

0
151

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իր գոյության ողջ ընթացքում կատարելագործելով մարտական հմտությունները՝ մեր բանակը բազմիցս է ապացուցել իր մարտունակությունը, ցուցաբերել անկոտրում ոգի:

Արցախյան ազատամարտի թեժ շրջանում  մեր ազգային բանակը, պատերազմ մղելուն զուգահեռ, կայացել է  որպես իր առջև դրված խնդիրները փայլուն կատարող կուռ համակարգ:

Հայոց բանակը մեր նորանկախ պետության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, ուստի մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով պետք է աջակից լինի Զինված ուժերին և հայ զինվորին:

Բանակի մարտունակությունը մեծապես պայմանավորված է զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցությամբ և սահմանին կանգնած զինվորը մշտապես պետք է զգա, որ իր թիկունքում  պետության ու հասարակության  գործունեությունը ուղղված է նաև իր ընտանիքի  բարեկացության պայմանների բարելավմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Մեր Բանակի օրվա կապակցությամբ՝ մաղթելով բոլոր զինծառայողներին անկոտրում կամք, արիություն, ուժ և կորով, մեր երկրին՝ խաղաղություն: