Սոցիալական պաշտպանության ոլորտում «Դիմոքրասի ինտերնեյշնլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության ու ռազմավարության հետ ներդաշնակեցնելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ նախարարության ու կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել։
Փաստաթուղթը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և «Դիմոքրասի ինտերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Բյորնլունդի կողմից, նպատակ ունի մեկտեղել ջանքերը նախարարության քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների շրջանակում կարողությունների զարգացման, քաղաքացիական հասարակության ակտիվացմանն ուղղված մեխանիզմների խթանման, սոցիալական ծառայություններ մատուցողների հմտությունների բարելավման, խոցելի խմբերի ձայնը լսելու ու կարիքները հաշվառելու հնարավորությունների ընդլայնման ուղղություններով։
Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են նաև անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի մոնիթորինգի և գնահատման կարգավորումներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակներում սոցիալական ծառայությունների տրամադրմանը, շահառուների հետ հաղորդակցության մեխանիզմների ընդլայնմանը և այլն։
«Պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրը կիրականացվի 20 մլն դոլարի շրջանակում՝ «Դիմոքրասի ինտերնեյշնլ» ընկերության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։