Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2024-2026 թթ․ Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) արդյունավետության ու դրանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացի ապահովման նպատակով՝ տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում։ Քննարկմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ղեկավար Ջորջ Ասատիանին, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման նպատակն է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ կողմերին՝ զբաղվածության ոլորտում փորձնական բյուջետային նախաձեռնությունների, աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության ծրագրերի արդյունքների վրա հիմնված հանրային ֆինանսավորման գործընթացի, ինչպես նաև դրանում շահագրգիռ կողմերի դերի ու ներգրավման մեխանիզմների վերաբերյալ։
Անդրադառնալով զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու դրանցում հասարակական կազմակերպությունների մասնակցության կարևորությանը՝ նախարարի տեղակալը Ռուբեն Սարգսյանն ընդգծել է ավարտական փուլում գտնվող Զբաղվածության ռազմավարության կարևորությունը, որով ոլորտային մոտեցումներ են նախատեսվում։ Վերջինիս խոսքով՝ առաջիկայում զբաղվածության ծրագրերը ևս կպատվիրակվեն՝ վերահսկման, գնահատման և կառավարման հստակ մեթոդաբանությամբ։
Հանդիպման ընթացքում բանախոսները մանրամասներ են ներկայացրել աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության ծրագրերի արդյունքին միտված հանրային ֆինանսավորման՝ պահանջարկի վրա հիմնված մոտեցումների, միջազգային լավագույն փորձի, զբաղվածության ռազմավարության շրջանակի և պիլոտավորման վերաբերյալ։ Բաց քննարկման շրջանակում խոսվել է նաև փորձնական բյուջետային ծրագրերի իրականացման և շահառու կազմակերպությունների ներգրավման հնարավորությունների ու մեխանիզմների մասին։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։
Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի շրջանակում։