ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական, մասնավորապես զբաղվածության ոլորտի նոր քաղաքականությունը: Նա նշեց, որ պետբյուջեից զբաղվածության ոլորտին հատկացված միջոցների մոտ 90 տոկոսը օգտագործվում է գործազրկության նպաստի վճարման համար: Ըստ նախարարի` իրականացվել է զբաղվածության ոլորտի 13 ծրագրերի ամբողջական վերլուծություն և որակական գնահատում: “Իրականացվել է իրավիճակային վերլուծություն: Մենք ներմուծել ենք մի պարզ ցուցանիշ, որը կոչվում է կայուն զբաղվածության գործակից: Դա նշանակում է, որ զբաղվածության ոլորտում իրականացվող որևէ ծրագրում ընդգրկված անձը, ծրագրի ավարտից հետո պետք է աշխատանք ունենա: Նախորդ տարիների ծրագիրը գնահատելիս մենք նախատեսել ենք առնվազն 6 ամիս ժամանակահատված”,-ասել է Ա.Ասատրյանը: Նախարարը նշեց, որ նախորդ տարիներին իրականացված ծրագրերի այդ ցուցանիշը կազմել է 10,5 տոկոս, ինչը նշանակում է, որ 100 անձից 10-ն է զբաղվածության որևէ ծրագրում ընդգրկվելուց հետո աշխատաշուկայում տեղ գտել և դարձել զբաղված:
“Գործազրկության նպաստի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 6 տոկոս: Դա նշանակում է, որ գործազրկության նպաստին հատկացված միջոցների 94 տոկոսը ձևակերպված նպատակին չի ծառայել: Այսինքն` ծրագիրն արդյունավետ չէ”,-նշեց նախարարը:
Ա.Ասատրյանի խոսքով` 2012թ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելուց հետո առաջին քայլը նոր օրենքի նախագծի մշակումն էր, որն արդեն առաջին ընթերցումն է անցել Ազգային ժողովում: Ըստ նախարարի` նոր օրինագծով ամրագրվել են բոլոր ծրագրային ուղղությունները, նպատակները:
“Իսկ նպատակը շատ պարզ է` աշխատաշուկայում անմրցունակ անձին դարձնել ավելի մրցունակ և աշխատաշուկայում ապահովել նրա զբաղվածությունը: Մենք անցում ենք կատարում ակտիվ ծրագրերի, ընդգրկելու ենք նաև գյուղացիական տնտեսություններին, փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին, համագործակցելու ենք էկոնոմիկայի նախարարության հետ՝ ավելի ընդլայնողական քաղաքականություն վարելով: Իսկ եթե զբաղվածության նպաստը դիտարկում ենք որպես սոցիալական աջակցության տեսակ` ապա դրա համար սոցիալական պաշտպանության ոլորտում ունենք անապահովության գնահատման համակարգ, ընտանեկան նպաստի ծրագիր”,- նշեց Ա.Ասատրյանը, հավաստիացնելով, որ զբաղվածության ծրագրերը չեն պակասելու: