Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար 2008-2012թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարությունն իրականացրել է “Արև” համակարգի ուսուցման և համակարգչի տրամադրման ծրագիրը` ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է 80 անձ: Աշխատանքների կազմակերպման և իրականացման շրջանակներում որոշակի դժվարություններ կային շահառուների հասցեական ընտրության, ընթացիկ մոնիթորինգի և արդյունավետության օբյեկտիվ գնահատման գործընթացներում:
Հիմք ընդունելով ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությամբ ընդունված զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոտեցումները, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց “Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց ուսուցման և աշխատատեղի հարմարեցման շրջանակներում համակարգչի տրամադրման ծրագիրը”, որով նախատեսվում է 2013թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում` կարիքների գնահատման հիման վրա համալիր աջակցությամբ ապահովել տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց կայուն զբաղվածությունը, մասնավորապես աջակցելով հետևյալ ուղղություններով.
- “Արև”համակարգի ուսուցում,
- աշխատատեղի հարմարեցման շրջանակում համակարգչի տրամադրում,
- ըստ անհրաժեշտության` աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
ծրագրում ընդգրկվելու համար տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձինք կարող են դիմել իրենց բնակության վայրը սպասարկող` “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության համապատասխան մարզային կամ տարածքային կենտրոն: Կարող են դիմել նաև ծրագրի շրջանակում համագործակցելու ցանկություն ունեցող գործատուները: