0
110

<Սեյվ դը չիլդրեն> միջազգային կազմակերպությունը համագործակցելով <Ակտիվա> միջազգային հիմնադրամի, <Ունիսոն> հկ-ի, <Էյ-ԴԻ-Փի> հիմնադրամի և <Լիարժեք կյանք> հկ-ի հետ 2012 թվականից իրականացնում է <LIFE> ծրագիրը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի հավասար պայմանների ստեղծումն ու աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Այս ծրագրի շրջանակներում կատարվել է նաև <Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. Կարիքներ և խոչընդոտներ> հետազոտությունը, որի նպատակն է վերհանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հետ կապված կարիքներն ու խոչընդոտները: Հետազոտությանը մասնակցել են հանրապետության 10 մարզերից 50 հաշմանդամություն ունեցող անձինք: Այն բաղկացած է հետևյալ բաժիններց հետազոտության մեթոդոլոգիա, հաշմանդամների զբաղվածության խոչընդոտներ, հաշմանդամների զբաղվածության կարիքներ, ականներից տուժածների զբաղվածության կարիքներ և հնարավոր լուծումներ:

Հոկտեմբերի 29-ին ուսումնասիրության արդյունքների ներկայացմամբ հանդես եկան <Սեյվ դը չիլդրեն> և Միգրացիայի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, պետական մարմինների պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախքան բանախոսների ելույթները ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը իր խոսքում նկատեց, որ Հայաստանի հաշմանդամների շուրջ 92 տոկոսը գործազուրկ է և ըստ աշխատանքի հայտարարությունների՝ գործատուները գերադասում են աշխատանքի ընդունել երիտասարդ, գեղեցիկ աղջիկների: Նրա կարծիքով ժամանակն է ընդունել օրենք, որը կբացառի հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խտրականությունը և թույլ կտա նրանց աշխատանքի ընդունվել ոչ թե բարի կամքով, այլ հավասար հնարավորություններով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետության ուշադրության ներքո են: <Թեման շատ կարևոր է ու ակտուալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներ: Մեր երկրում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր այդ խնդիրները լուծելու համար, փորձում ենք աշխատանքի տեղավորման, հասարակության մեջ լիիրավ անդամ զգալու համար ստեղծել ու ապահովել հավասար պայմաններ: Չնայած մեր իրականացրած ծրագրերի այս պահի դրությամբ աշխատունակ հաշմանդամություն ունեցող անձանց 98 տոկոսը չի աշխատում: Ելնելով 2010թ. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներից ու պարտավորություններից՝ նախարարությունը մշակել  է <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին> ՀՀ օրենքի նախագիծը: Այն ունեցել է հանրային մեծ լսումներ ու քննարկումներ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և այժմ գտնվում է Ազգային Ժողովում: Նոր օրենքով պասիվ քաղաքականությունից քայլ ենք անում դեպի ակտիվ քաղաքականություն: 2015թ. քվոտաներ կներդրվեն պետական կազմակերպություններում, իսկ 2016թ. նաև մասնավոր հատվածում: Գործատուները պետք է ընդունեն, որ նրանք էլ կարող են աշխատել մեծ պատասխանատվությամբ և որպես օրինակելի դեպք կարող եմ մատնանշել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որտեղ աշխատում է հաշմանդամություն ունեցող 30 անձ: Ես կարևորում եմ նաև նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու մատչելի միջավայրի ստեղծումը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին և յուրաքանչյուր քաղաքացու, ովքեր ամեն օր մի նոր աշխատանք են կատարում բարելավելու նրանց պայմաններն ու ստեղծելու միջավայր, որտեղ իրենց կզգան հավասար հնարավորություներով անձինք և լիարժեք մարդիկ, ովքեր կարող են աշխատել ու վաստակել իրենց անհրաժեշտ գումարը>,- ընդգծեց նախարարի տեղակալը:

<<Սեյվ դը չիլդրեն> կազմակերպության տնօրեն Իրինա Սաղոյանն էլ նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է ոչ միայն շատ լավ կատարել իր աշխատանքային պարտականությունները, այլև տնտեսական առավելություններ բերել գործատուին: Ըստ նրանց տվյալների Հայաստանում հաշմանդամություն ունեցող 188 անձ ունի մշտական աշխատանք, 600-ը անցնում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, 14 հասարակական կազմակերպություններ ստացել են դրամաշնորհներ, որպեսզի վերապատրաստման ծրագրեր իրականացնեն նաև մարզերում: