ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի մոտ քաղաքացիների ընդունելության օրն էր:
Ընդունելության եկած քաղաքացիներից առաջինի հարցը վերաբերում էր սոցիալական բնակարանի հերթացուցակ ընդգրկվելուն: Վ. Եպաֆանովը մանկատան նախկին սան է, 1990թ. շրջանավարտ և թեև <<Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց>> ծրագրի շահառու համարվել չի կարող, ցանկություն էր հայտնել հերթագրվել որպես սատարող ընտանիք: Քաղաքացին 2008թ. Մեղրիի տարածաշրջանի Ագարակ ավանում սեփականաշնորհել է հանրակացարանի երկու սենյակ, ինչի հետևանքով, գործող կարգի համաձայն, որպես սատարող ընտանիք ևս դիտարկվել չի կարող: Նախարարը մանրամասնորեն ծանոթացավ խնդրի էությանը, ընտանիքի կազմին և նկատի ունենալով այն հանգամանքը, որ երիտասարդ ընտանիքն ունի երեք անչափահաս որդի, հավաստիացրեց, որ օրենքի սահմաններում, նաև խորհրդակցելով Սյունիքի մարզպետի հետ՝ կլուծի ընտանիքի կացարանի հարցը:
Երկրորդ այցելուն Խարբերդի մանկատան նախկին սան Տ. Գևորգյանն էր, որը երկար տարիներ խնամվել և հետագայում որպես դայակ աշխատել է նույն մանկատանը, հետո իր ցանկությամբ փոխել բնակության վայրը, ներկայումս ժամանակավորապես բնակվում է հարազատների մոտ: Հաշմանդամ կինը ևս սոցիալական բնակֆոնդի շահառուների ցանկում հաշվառվել չի կարող, որովհետև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում <<Փարոս>> հաշվառված չէ և օտարել է բնակարան՝ հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում, ուստի նախարարության համապատասխան մասնագետների հետ հարցը քննարկելով և ելնելով այն իրողությունից, որ կինն ունի հաշմանդամ երեխաների հետ աշխատելու երկարամյա փորձ՝ նախարարը հանձնարարեց Խարբերդի մանկատան տնօրենին՝ Տ. Գևորգյանին ընդունել աշխատանքի որպես դայակ, ինչը նրան հնարավորություն կտա լուծել նաև Խարբերդում բնակվելու խնդիրը:
Երրորդ քաղաքացին երկու անչափահաս երեխաների մայր, երկրորդ խմբի հաշմանդամ Ա. Մինասյանն էր, որի ընտանիքը /ինքը և երկու անչափահաս երեխաները/ ստանում է ընտանեկան նպաստ: Առողջական լուրջ խնդիրները լուծելու նպատակով Մինասյանը մեկնելու է արտերկիր և դիմել էր նախարարին՝ իր բացակայության ընթացքում ընտանեկան նպաստի պահպանման ուղղությամբ գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:
Պարոն Ասատրյանը և նախարարության համապատասխան ոլորտների ղեկավարները տեղյակ էին երկու անչափահաս երեխա միայնակ մեծացնող, հարգանքի արժանի երիտասարդ կնոջ առողջական և ընտանեկան խնդիրներին, աջակցել էին նաև նախկինում, ուստի նախարարը հանձնարարեց հատուկ ուշադրության տակ վերցնել երեխաներին, կնոջ բացակայության ողջ ընթացքում ցուցաբերել համակողմանի աջակցություն: