Հոկտեմբերի 15-ին <Մարիոթ> հյուրանոցի <Մասիս> սրահում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված <Դեպի ներառական հասարակություն> թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ:
Համաժողովի նպատակն էր՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ոլորտում առաջընթացի ապահովմանն ուղղված ջանքերի համախմբմանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը նշեց,- <Մեր երկրում վերջին տարիներին փոխվել է ինչպես հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ, այնպես էլ հաշմանդամների վերաբերմունքն իրենց իսկ հնարավորությունների և կարողությունների նկատմամբ: ՀՀ կառավարության կողմից հաշմանդամների նկատմամբ տարվող սոցիալական քաղաքականության հիմնական ուղղությունը նրանց հասարակություն ինտեգրելը և իրենց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հնարավորինս հավասար պայմանների ապահովումն է: Պետական քաղաքականությունը, ծրագրերն իրականացվում են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և քայլ առ քայլ, հետևողականորեն մենք գնում ենք դեպի այդ խնդիրների լուծմանը՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ հաշմանդամություն ունեցող անձը սովորելու, աշխատելու, ստեղծելու, ստեղծագործելու ունակ մարդն է, որը սակայն լիիրավ ապրելու, սովորելու, աշխատելու համար դեռևս ունի որոշակի արգելքներ ու խոչընդոտներ>:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներ և փորձագետներ, ՀՀ շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015թթ. գործողությունների ծրագիրն> ըստ ուղղությունների, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում գործող այլ փաստաթղթեր, դրանց դրույթների արտացոլումն ազգային օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ներառման քաղաքականությունը:
Առանձնահատուկ ուշադրության արժանացան ՀՀ-ում հաշմանդամության սահմանման մոտեցումները, մասնավորապես՝ ֆունկցիաների, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ICF) ներդրման միտումները:
Մասնակիցներին ներկայացվեցին նաև մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, ներառական կրթության, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու քայլերը: