0
112

Զբաղվածության նոր ծրագիրը` արմավիրցիներին

ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզի Ակնալիճ համայնք՝ կարկտահարությունից տուժած գյուղացիներին պետական աջակցության նոր ծրագրի արդյունքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Գյուղին հարող խաղողի այգիներում նախարարը և մարզպետը հանդիպեցին ծրագրի շահառուներին, մարզպետարանի աշխատակիցներին և համայնքների ղեկավարներին:

<<Ծրագրի իրականացման համար սուղ ժամանակ ունեինք, և մարզպետարանի, կառավարության հետ քննարկելով առաջարկեցինք աղետից հետո հասցված վնասի վերականգնման ծրագիր՝ զբաղվածության աջակցության միջոցով: Բացի նրանից, որ կառավարությունը հողի հարկի, ջրի վարձի հետ կապված բավականին մեծ աջակցություն ցուցաբերեց, նաև շուջ 1600 ընտանիքի օգնություն տրամադրվեց, ընդունվեց նաև այս ծրագիրը, որպեսզի աշխատանքները կազմակերպելիս վարձատրվեն և հողի սեփականատերերը, և իրենց ընտանիքի անդամները, նաև վարձու աշխատողներ ներգրավվեն: Այն, որ մեր գյուղացիները արդյունքից գոհ են, ավելի է ոգևորում մեզ: Հաջորդ տարվա համար ևս նախատեսվում են զբաղվածության ակտիվ ծրագրեր՝ գործազրկության  նպաստի փոխարեն>>,-նշեց պարոն Ասատրյանը:

Մարզպետը և ներկա գյուղացիները ևս առանձնահատուկ ընդգծեցին նոր ծրագրի արդյունավետությունը: <<Եթե կառավարությունն այս ձևով շարունակի աջակցել գյուղացուն, ոչ ոք իր հողն անմշակ չի թողնի, ավելին՝ կմտածեն մշակատարածքներն ավելացնելու, ավելի շատ բերք ստանալու մասին>>,- հավաստիացնում էին ակնալիճի բնակիչները:

Նշենք, որ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին զբաղվածության խթանման միջոցով նրանց տնտեսությունների վերականգնման ծրագիր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից հատկացվել է 174,125.0 հազ. դրամ: Զբաղվածության կենտրոնների կողմից ծրագրերի իրականացման նպատակով պայմանագիր է կնքվել մարզի 21 համայնքի թվով 475 հողօգտագործողի հետ: Ընդհանուր հաշվով ծրագրում ընդգրկվել է 1100անձ:

Ծրագիրն իրականացվել է կառավարության որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրված ֆինանսական միջոցների չափը կազմում է շուրջ  103,0 մլն դրամ:

Հաշվի առնելով, որ ծրագրով նախատեսված 500 հողօգտագործողի փոխարեն աջակցություն է ստացել 475-ը, նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ տնտեսված միջոցների հաշվին նոր ծրագրեր իրականացնելու նպատակով և ստացել կառավարության հավանությունը: