Հոկտեմբերի 15-ին ժամը 9.30-ին <Մարիոթ> հյուրանոցի <Մասիս> սրահում աշխատանքը կսկսի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված <Դեպի ներառական հասարակություն> թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ: Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը, ելույթներ կունենան նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներ և փորձագետներ, ՀՀ շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ոլորտում առաջընթացի ապահովմանն ուղղված ջանքերի համախմբմանը:
Միջոցառման ընթացքում կքննարկվեն Եվրոպայի Խորհրդի <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015թթ. գործողությունների ծրագիրն> ըստ ուղղությունների, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում գործող այլ փաստաթղթեր, դրանց դրույթների արտացոլումն ազգային օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ներառման քաղաքականությունը:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ՀՀ-ում հաշմանդամության սահմանման մոտեցումներին, մասնավորապես՝ ֆունկցիաների, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ICF) ներդրման միտումներին:
Մասնակիցների ուշադրությանը կներկայացեն նաև մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, ներառական կրթության, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու քայլերը: