Հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հանձնաժողովի նախագահ Ա. Ասատրյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը, նախարարության պատասախանատուներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համակարգող տ. Հ. Ահրենսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,փորձագետներ, սոցիալական ծառայությունների ղեկավարներ:
Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգումը որպես հաշմանդամության սահմանման և ծառայությունների պլանավորման գործիք, Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշմանդամության գնահատման գործիքներով իրականացված հետազոտության արդյունքների ներկայացում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներով և գործիքներով երեխաների կարողությունների գնահատման մեթոդները ՀՀ կրթության բնագավառում, <Անձի բազմակողմանի գնահատման՝ ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման> հայեցակարգի նախագծի ներկայացում:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ պարոն Ասատրյանը նշեց,-<Բազմաթիվ կուտակված խնդիրներ ունենք, որոնք պիտի լուծում ստանան, առավելագույնս համապատասխանեն մեր այսօրվա իրողություններին և թույլ տան իրացնել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերվող կարևորագույն սկզբունքը, այն է՝ առավելագույնս ներառում հասարակություն: Դրա համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կարգավորիչ գործիքներ, մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել հայեցակարգային նոր դրույթները: Ձևավորված աշխատանքային խումբն առաջարկել է այս գործիքը՝ ֆունկցիաների միջազգային դասակարգումը (ICF), յուրատեսակ լեզու, որով բոլոր կողմերը պիտի կարողանան խոսել միմյանց հետ: Քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը մեկ գերատեսչության խնդիրներ չեն, հիմնական լիազոր մարմինները պիտի սերտ համագործակցեն, մատուցեն տարբեր տիպի սոցիալական ծառայություններ: Կարևորը անձի կարիքի գնահատումն է, որի հիման վրա պիտի իրականացվի վերականգնողական անհատական ծրագիրը: Մենք պետք է ճիշտ նպատակ ամրագրենք և ստեղծենք համակարգ՝ համապատասխան գործիքներով>>:
Օրակարգով սահմանված կարգով բանախոսները ներկայացրեցին <Անձի բազմակողմանի գնահատման՝ ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման> հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները, գործող և առաջարկվող համակարգերի տարբերությունները, Տավուշի մարզում կատարված հետազորության արդյունքները, աշխատանքային խմբի եզրահանգումները, պատասխանեցին ներկաների հարցերին:
Ամփոփելով նիստի աշխատանքները ՝ պարոն Ասատրյանն առաջարկեց ի գիտություն ընդունել հայեցակարգի նախագիծը, հանձնարարել աշխատանքային խմբին՝ 10-օրյա ժամկետում ամփոփել և ավարտուն տեսքի բերել փաստաթուղթն իր հավելվածներով, այն մեկ անգամ ևս տրամադրել ազգային հանձնաժողովի անդամներին՝ հնարավոր նոր առաջարկություններ ներկայացնելու համար, ինչն ընդունվեց միաձայն: